Հոկտեմբերի, 03 2017
Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակներում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը։

Վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով`  50 000-250 000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում, Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի  1 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրին մասնակցելու համար պարզապես հարկավոր է՝  մինչև 2017թ․հոկտեմբերի 25-ը ներառյալ Բանկ ներկայացնել վարկային հայտ, Բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչև 2017թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը:

Մրցույթի արդյունքների հայտարարման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

 «Վարկավորում մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը պայմանավորված է նմանատիպ կոնցեպտով ներկայացվող բանկային պրոդուկտների նկատմամբ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությամբ։

Մրցույթի առաջին և պիլոտային տարբերակի գործարկումից հետո մենք բավական թվով դրական արձագանքներ ստացանք, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող արդյունքների ամփոփումն ապացուցեց մրցույթի ամբողջովին բաց և թափանցիկ լինելու փաստը, ինչի արդյունքում որոշում կայացվեց ծրագրին շարունակական ընթացք տալ։  

Այս անգամ նույնպես Բանկը որևէ ոլորտային սահմանափակում չի դնում հաճախորդների առջև, և ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող իրավաբանական անձինք, ովքեր կհամապատասխանեն մրցույթի կանոններին», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:

Հիշեցնենք, որ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի առաջին փուլի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ հեռարձակմամբ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների կողմից բոլոր ներկայացված հայտերը բավարարվեցին, իսկ այն հաճախորդներին, որոնք չէին բավարարում մրցույթի մասնակցության հիմնական պայմաններին, առաջարկվեց վարկավորում՝ Բանկում գործող և իրենց պահանջարկին համապատասխանող տոկոսադրույքով։

վերադառնալ ցանկին