Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2014
Կանխիկ:
  •  404.50, 407.50
  •  11.40, 11.80
  •  542.00, 552.00

Անկանխիկ:
  •  404.50, 407.50
  •  11.40, 11.80
  •  542.00, 552.00




Էթիկա և գործարար վարվելակերպ



«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների էթիկայի կանոններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. ASASS Սույն կարգը սահմանում է 
«Անելիք Բանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) աշխատակիցների էթիկայի կանոնները:
1.2. Սույն կարգի նպատակն է` Բանկում էթիկայի կանոնների պահպանումը և գործնական փոխհարաբերություններում միջանձնային բարյացակամ հարաբերությունների ապահովումը: Ճիշտ վարվելաձևը, պահելաձևը միջավայրում ստեղծում է կայուն փոխհարաբերություններ, նպաստում փոխընբռնմանը, օգնում նոր կապերի հաստատմանը:
1.3. Էթիկայի կանոնները սովորույթների և նորմերի ամբողջությունն է, որը կարգավորում է անձի վարքագծի կուլտուրան միջավայրում:
1.4. Էթիկայի կանոնները պահպանվում են անկախ ցանկությունից, տրամադրությունից և հոգեբանական վիճակից` գիտակցելով այդ կանոնների անհրաժեշտությունը:
1.5. Բանկի Էթիկայի կանոնները (այսուհետ` Կանոններ) բարոյականության հանընդհանուր սկզբունքների և արժեքների վրա հիմնված, աշխատակիցների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
1.6. Բանկի աշխատակիցները, որպես բարեկիրթ անձինք, պետք է պահպանեն քաղաքակիրթ հասարակության մեջ, գործնական փոխհարաբերություններում ընդունված բարոյական արժեքները:
1.7. Էթիկական բարդություններն առաջանում են այն ժամանակ, երբ արժեքները հակադրության մեջ են մտնում:

2. Էթիկայի կանոններ

2.1. Ստորև ներկայացվող Կանոնները կօգնեն աշխատակիցներին պատասխանել գործնական հարաբերւթյուններում ընդունված վարվելաձևի վերաբերյալ առաջացած հարցերին:
2.2. Բանկի աշխատակիցները պարտավոր են հետևել հետևյալ Կանոններին.
- Պատվել և հետևել Բանկի առաքելությանը,
- Ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով,
- Վերաբերվել աշխատակիցներին, շահառուներին որպես անհատների,
- Հարգել մյուս աշխատակիցների, շահառուների արժանապատվությունը անկախ նրանց ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ինչպես նաև բոլոր աշխատակիցների, շահառուների անձնական կյանքը` չբացահայտելով գաղտնի տեղեկությունները,
- Լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի,
- Բոլոր հարցերում դրսևորել անաչառ մոտեցում, չչարաշահել աշխատակիցների, շահառուների կախյալ դիրքը,
- Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որոնք կարող են խոչընդոտել ղեկավարության, աշխատակիցների և շահառուների աշխատանքներին, վարկաբեկել կամ հեղինակազրկել նրանց,
- Խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել խոսքի արժեքն ու կարևորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետևանքները,
- Անհարկի չընդգծել իրենց պաշտոնական դիրքը,
- Իրենց բանավոր և գրավոր շփումներում բացառել կոպտության դրսևորումը,
- Պահպանել բարոյական նորմերով սահմանված այլ կանոններ:

2.3. Եթե առկա է կամ առաջանում է կոնֆլիկտ աշխատակիցների, շահառուների միջև, ապա շահերի բախումը նվազեցնելու և օբյեկտիվություն երաշխավորելու նպատակով համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն նախ այն անձինք, ում անմիջականորեն դա վերաբերվում է (մտերիմ հարաբերության և/կամ կոնֆլիկտի կողմեր), հետո միայն տվյալ ոլորտի գծով անմիջական ղեկավարը: Խնդիրը չպետք է վերածվի հասարակական քննարկման: Եթե տվյալ ղեկավարը անկարող է լուծել առկա խնդիրը, ապա այդ մասին տեղեկացվում է Բանկի գործադիր տնօրենին:

3. Աշխատակիցների պահելաձևը և արտաքին տեսքը

3.1. Բանկի բարի համբավի և բարձր վարկանիշի ապահովման համար մեծ նշանակություն ունեն աշխատակիցների պատշաճ պահելաձևը և արտաքին տեսքը:
3.2. Բանկի աշխատակիցը պետք է ունենա պատշաճ արտաքին տեսք, լինի քաղաքավարի, բարեհամբույր անձնավորություն, պատշաճ կերպով դրսևորի իրեն ցանկացած իրավիճակում:
3.3. Բանկի աշխատակիցներին բնութագրում է ազնիվ, նրբանկատ, քաղաքավարի, ճշտապահ կեցվածքը հաճախորդների, գործընկերների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մասնավորապես, դա ենթադրում է` 
- Բանկի գույքին խնամքով վերաբերվելը, աշխատանքի համար իրենց հատկացված տեխնիկական և նյութական միջոցները ճիշտ և նպատակային օգտագործելը, դրանք անձնական նպատակների համար չշահագործելը, ինչպես նաև անձնական հարցերով հեռախոսը (բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի) չզբաղեցնելը,
- Բացակայող գործընկերոջ համակարգչից, ինչպես նաև փաստաթղթերից` առանց վերջինիս համաձայնության կամ անմիջական ղեկավարի թույլտվության չօգտվելը,
- Բջջային հառախոսները խորհրդակցությունների, նիստերի, ինչպես նաև գործնական հանդիպումների ընթացքում անջատ վիճակում պահելը,
- Հյուրերի ընդունելության, խորհրդակցություններ պատշաճ կազմակերպելու և անցկացնելու հմտությանը տիրապետելը,
- Հասարակական վայրերում, մտերիմների, աշխատակիցների և ոչ աշխատակից ընկերների հետ ծառայողական գործունեությանն առընչվող գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չքննարկելը:

3.4. Աշխատակցի արտաքին տեսքի նկատմամբ ներկայացվող պահանջներն են`
- կոկիկությունը,
- մաքրությունը,
- տարիքին, դիրքին և իրավիճակին համապատասխանությունը:

3.5. Բանկում ընդունված է կրել գործնական ոճի հագուստ, որին ներկայացվող հիմնական պահանջներն են` խստությունը և կոկիկ լինելը, մասնավորապես.
   3.5.1. Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական ոճի կոստյումով (ամռանը թույլատրվում է նաև առանց բաճկոնի), վերնաշապիկով և փողկապով:
   3.5.2. Կանայք` դասական ոճի հագուստով: Դասական ոճին չեն համապատասխանում սպորտային (այդ թվում` ջինս) և ոչ պատշաճ հագուստները:

3.6. Բանկում սահմանված վերոհիշյալ Կանոնների խախտման դեպքում աշխատակիցների հանդեպ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նկատողություն,
բ) խիստ նկատողություն,
գ) աշխատանքային պայմանագրի լուծում:

3.7. Կանոնների մշտական օրինակելի պահպանման դեպքում կարող են կիրառվել խրախուսումներ.
ա) շնորհակալություն,
բ) պարգևատրում:

4. Այլ դրույթներ

4.1. Սույն կարգում փոփոխություններ կատարելու իրավասությունը պատկանում է Բանկի Վարչության նախագահին:

Էջը թարմացվել է 03.03.2011 թ., 10:22