Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 20.05.2013

  • 415.50, 418.50
  • 13.05 13.45
  • 531.00, 541.00


Բանկային հաշիվ

Ձեր և Բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: Այն հնարավորություն է տալիս ապահով պահել ձեր դրամական միջոցները, կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևելու դրանց փոփոխություններին` եկամուտների մուտքերին և ծախսերին:
Բանկային հաշվի դեպքում բանկը պարտավորվում է ընդունել և բանկում բացված ձեր բանկային հաշվի վրա մուտքագրել ձեր և այլ անձանց կողմից մուտքագրվող դրամական միջոցները, իրականացնել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և  այլ գործարքներ կատարելու ձեր հանձնարարականները:
Բանկային հաշիվը հնարավորություն է տալիս հեռակառավարելու ձեր դրամական միջոցները: 


Ինչո՞ւ բացել բանկային հաշիվ 
Բանկային հաշիվները ձեր դրամական միջոցները կառավարելու բավականին հարմար միջոց են, որոնք ապահովում են`

Դրամական միջոցների պահպանման անվտանգությունը
Բանկերը ապահով վայրեր են ձեր դրամական միջոցները պահելու համար, հատկապես եթե դրանք չեք օգտագործում:

Ձեր դրամական միջոցների շարժի կառավարումը
Բանկային հաշիվ ունենալու դեպքում դուք բանկից կստանաք ամսական քաղվածք, որտեղ արտացոլված կլինեն ձեր դրամական միջոցների մուտքերը և ելքերը: Դա ձեզ հնարավորություն կտա ունենալու ձեր դրամական միջոցների շարժի ճշգրիտ պատկերը և հետևաբար կօգնի ճշգրիտ պլանավորել ձեր բյուջեն:

Դրամական միջոցների մշտական հասանելիություն
Ցանկացած ժամանակ` բանկի աշխատանքային ժամերին, կարող եք դիմել բանկ և վերցնել ձեր գումարները :

Տոկոսային եկամուտ
Շատ բանկեր հաշվում առկա դրամական միջոցների դիմաց պատրաստ են վճարել տոկոսագումարներ:

Որո՞նք են բանկային հաշիվների հնարավորությունները 
Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն ու ծախսերը, կառավարելու հարմար գործիք է:
 
Այն ձեզ հնարավորություն է տալիս`
 

  • հանձնարարել բանկին կատարել կոմունալ կամ այլ պարբերական վճարումներ ձեր հաշվից, ձեր իսկ սահմանած չափերով` չանհանգստանալով վճարումները ժամանակին կատարելու մասին,
  • ստանալ դրամական փոխանցումներ բարեկամներից, ծանոթներից, գործընկերներից կամ էլ կատարել փոխանցումներ նրանց` վստահ լինելով, որ գումարը ժամանակին ու ապահով կհասնի հասցեատիրոջը
  • դրամական միջոցները ստանալ անկանխիկ, օրինակ` աշխատավարձի կամ այլ եկամուտների փոխանցում բանկային հաշվին
  • բանկային հաշվի միջոցները վերածել կանխիկի միայն անհրաժեշտության դեպքում՝ դրանք վճարային քարտի միջոցով ստանալով բանկոմատից  կամ բանկից` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը,
  • շատ բանկեր հնարավորություն են տալիս անգամ խնայելու բանկ այցելելու ձեր ժամանակը` թույլ տալով կատարել ձեր հաշվի հեռակա կառավարում, այսինքն` կատարել վճարումներ, փոխանցումներ հեռախոսի, ինտերնետի կամ հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ,
  • օգտագործել հաշվի միջոցները նաև երկրի սահմաններից դուրս գտնվելու դեպքում՝ օգտվելով բանկային հաշվի ընձեռած որոշ հնարավորություններից:

Ինչո՞վ է տարբերվում բանկային հաշիվը ավանդից 
Ավանդը ձեր խնայողությունները պահելու անվտանգ և եկամտաբեր ֆինանսական գործիք է:
Բանկային հաշիվը ձեր ընթացիկ ֆինանսական գործառնությունները անվտանգ և արդյունավետորեն կատարելու և ձեր դրամական միջոցների շարժը կառավարելու գործիք է:

Ավանդը չունի բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորությունները:

Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է բացել բանկային հաշիվ 
Հայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել միայն բանկերում:

Եթե արդեն որոշել եք, թե որ բանկում եք ցանկանում բացել հաշիվ, ապա պետք է


·  այցելեք բանկ,

·  լրացնեք հաշվի բացման համար նախատեսված դիմումը և

·  կնքեք բանկային հաշվի պայմանագիրը:


Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը:

Որպես կանոն, բանկային հաշվի բացման պայմանագիրը կնքվում է գրավոր` մի քանի օրինակից: Պարզեք ձեր բանկից, թե  քանի օրինակից է կնքվում պայմանագիրը և առկայության դեպքում պահանջեք պայմանագրի ձեր օրինակը:

Բանկային հաշիվ բացելիս բանկը պետք է պարզի ձեր ինքնությունը, ուստի բանկը կարող է պահանջել որոշ փաստաթղթեր, օրինակ` անձնագիր և սոցիալական քարտ: Ուստի բանկային հաշիվ բացելու համար դուք պետք է ներկայացնեք բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը: 

Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս Ձեզ համար բանկում բացվում է բանկային հաշիվ: Դուք կարող եք բացել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժութային (օր.՝ դոլար, եվրո) բանկային հաշիվ: